Հայաստանը մտել է նախընտրական գործընթացի մեջ։ Թեև քարոզչական արշավը պաշտոնապես կսկսվի մայիսի սկզբին, քաղաքական ուժերը արդեն ակտիվացել են։ Հանրային ոլորտը ողողված է քաղաքական գովազդներով, իսկ քաղաքական գործիչները փորձում են հասարակության հետ առավելագույնս մոտիկ լինել՝ մասնակցելով տարբեր միջոցառումների։

Այս նախընտրական ակտիվությունն անխուսափելի է, բայց հիմնական հարցը մնում է՝ ինչպես է հանրությունը ցանկանում տեսնել իշխանափոխություն։

Հասկանալի է, որ հանրության մեծ մասը ցանկանում է տեսնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացում։ Սակայն ոչ մի ոչ-նիկոլական քաղաքական ուժ չունի այնպիսի հզորություն, որ կարողանա միայնակ ապահովել 50%-ից ավելի ձայն՝ «50 պլյուս» ձևաչափով խորհրդարան ձևավորելու համար։ Այս հայտարարությունները, որոնք հաճախ հնչում են, հիմնականում քարոզչական բնույթ են կրում։

Իրական հնարավորությունը կայանում է այն ոչ-նիկոլական ուժերի համագործակցության մեջ։ Եթե դրանք կարողանան համատեղ հավաքել ավելի շատ քվեներ, քան Նիկոլ Փաշինյանը, ապա վերջնարդյունքում կարող են ապահովել իշխանափոխություն։

Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը հիմնված է երկու հիմնական սյուների վրա։ Առաջինը՝ նրա ձայները կենտրոնացած են գյուղերում և 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Դրա համար էլ նա ակտիվորեն ներդրումներ է կատարում հենց այդ հատվածներում՝ փաստացի ընտրակաշառք բաժանելով պետական միջոցների հաշվին։ Թոշակային բարձրացումները և առողջապահական համակարգի ներդրումները, որոնք իրականացվում են պետական պարտքի ավելացման ֆոնին, ակնհայտորեն նախընտրական քայլեր են։

Երկրորդը՝ նրա մարտավարությունը ուղղված է ընտրական մասնակցության նվազեցմանը։ Նա հավաքելու է իր կողմնակիցների ձայները վարչական և այլ ապօրինի ռեսուրսների միջոցով։ Եթե ընտրողների մասնակցությունը ցածր լինի, ապա այդ ձայները կկազմեն ավելի մեծ տոկոս, ինչը նպաստավոր է նրա համար։ Նրա նպատակն է ապահովել 1,25 միլիոնի կարգի մասնակցություն, որպեսզի իր կողմնակիցների փոշիացված քվեների հանրագումարով կարողանա ապահովել «50 պլյուս»։

Այսպիսով, ոչ-նիկոլական ուժերի հիմնական մարտավարությունը պետք է լինի ընտրական մասնակցության ապահովումը։ Ցանկացած մասնակցության թիվ, որը գերազանցում է 1,25 միլիոնին, կհանգեցնի իշխանափոխության։

Ընտրության ելքը հիմնականում կորոշվի Երևանում։ Գյումրու, Վանաձորի, Էջմիածնի, Գավառի և Կապանի քվեարկությունների արդյունքները նույնպես կարևոր են, բայց վճռորոշը Երևանն է։

Երևանում ընտրությանը մասնակցելու է 450-500 հազար ընտրող։ Նիկոլ Փաշինյանը կարող է հավակնել այդ քվեների մոտ 1/3-ին, իսկ մնացած 2/3-ը՝ ոչ-նիկոլական ուժերի։ Հարցն այն է, որ Երևանի բազմաթիվ ընտրողները պետք է իրենց ճաշակին և ոճին համապատասխան առաջարկ ստանան։ Եթե դա չկատարվի, ապա ընտրությունները կարող են ցածր մասնակցությամբ անցնել, ինչը կունենա լուրջ բացասական հետևանքներ։

Այսպիսով, սպասվում է կենտրոնացված կռիվ Երևանի համար։ Երևանում է, որ կորոշվի ընտրությունների և Հայաստանի ճակատագիրը։