Երեկվա միջադեպը, որը տեղի ունեցավ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցում, պարզապես միջադեպ չէ։ Սա ավելի խորքային, ռազմավարական խաղ է, որը տեղավորվում է իշխանության կողմից կիրառվող «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» մարտավարության մեջ։

Մարդիկ եկել էին տոնական պատարագի՝ սիրով և հավատով։ Նրանց օրվա ծրագրում ոչինչ այլևս չէր նախատեսված, քան աղոթքը և հոգևոր հանգստի պահը։ Եվ հանկարծ, այս սրբազան մթնոլորտի մեջ, ներխուժում է մեկը, որի գործողությունները և խոսքերը երկար շաբաթներ շարունակ վիրավորել են հավատացյալների հոգևոր արժեքները։

Այս պահը պետք է բացահայտվեր որպես էմոցիոնալ ռեակցիա, որը չի կարող կառավարվել։ Ինչու՞։ Որովհետև ներկա էր մեկը, որը, իր իշխանախմբի հետ միասին, ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։ Եկեղեցում պատարագին ներկա հավատացյալների համար Վեհափառը սրբություն է, իսկ նրա դեմ ուղղված հարձակումը՝ անմիջական հարձակում նրանց հավատի վրա։

Այս մարդը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս հավատացյալների համար հեղինակություններ են, հատուկ է եկել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցի՝ իմանալով, թե ինչպես են այնտեղի հավատացյալները վերաբերվում իրեն։ Նա հատուկ է եկել՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։

Արդյո՞ք նրա նպատակը մարդկանց վատություն անելն էր, թե՞ տոնը փչացնելը, թե՞ հերթական անգամ թունավորելը մթնոլորտը։ Եթե նա ուղիղ վիրավորում է ծավալում ընդդիմության հիմնական դերակատարներին, գիտակցելով, որ նրանք հարյուր հազարավոր քաղաքացիների համար հեղինակություններ են, ապա նա գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Ի՞նչ ռեակցիա է նա սպասում։

Սա նույն տրամաբանությունն է, որը կարող է կիրառվել ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո նրանց հանրահավաքին կամ համագումարին գնալու համար՝ իբր խաղաղ մասնակցելու։ Մենք պետք է պատրաստ լինենք նաև դրան։

Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։ Որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ նրանց ընտանեկան միջոցառմանը անթույլատրելի է։

Ի վերջո, նպատակը սադրանքն է։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր «ավտոբուսում» պիտի լինի ուրախություն։ «Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է ստացվել, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է։ Այն վտանգավոր է, քանի որ այն հասարակության հոգևոր և մշակութային հիմքերը դարձնում է իշխանության խաղի գործիք։

Այս պահին, երբ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, և իշխանությունը, որը արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին է հասցրել մեր երկիրը, երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը։