Հասարակությունը վաղուց արդեն զգում է առողջապահական համակարգի խայտառակ վիճակը։ Այս իրողության ֆոնին այսօր հանրությանը ցնցեց Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ տարածված հաղորդագրությունը։

Այն, ինչ զարմանալիք է, այն չէ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանր էր տարել Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությունը։ Իրական խնդիրը այն է, որ պետական կառույցի պաշտոնական լեզուն, մարդկային ողբերգությունը, վերածել է սառը, մեխանիկական և գրեթե անզգայուն ձևակերպման՝ «ինքնավնասման ավարտուն գործողություն»։

Սա պարզապես անհաջող ձևակերպում չէ։ Սա պետական համակարգի մտածողության և արժեհամակարգի արտացոլումն է։ Մարդ է մահացել։ Ընտանիք է կործանվել։ Ծանր ողբերգություն է տեղի ունեցել։ Բայց պետական լեզվի մեջ այն ամենը վերածվել է ցուրտ, անմարդկային արտահայտության։ Սա արդեն բարոյական և արժեքային խոր ճգնաժամի մասին է խոսում։

Առողջապահությունը նախ և առաջ մարդն է՝ իր ցավով, վախով, արժանապատվությամբ և կյանքի իրավունքի համար պայքարով։ Պետական համակարգը պետք է լինի այս մարդու կողքին, ոչ թե նրա ողբերգությունը վերածելու սառը վիճակագրության։

Այս իրադարձությունը հիշեցնում է, որ պետական կառույցները, հաճախ, զբաղված են հերթական շոուներով և տեղեկատվական աղմուկով, փորձելով շեղել հանրության ուշադրությունը իրական խնդիրներից, այլ ոչ թե դրանք լուծելու փոխարեն։